Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2010


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Ինչ պետք է գիտենալ ճողվածքների մասին սկիզբը 2009-ի 4-ում

Ինչ պետք է գիտենալ ճողվածքների մասին սկիզբը 2009-ի 4-ում

Հոդվածի առաջին մասում անդրադարձանք ճողվածքների առաջացման պատճառներին, տեսակներին: Այժմ կանդրադառնանք բուժման եղանակներին:

 

Ճողվածքով հիվանդներին խորհուրդ է տրվում օգտագործել աղեկապ (բանդաժ): Մյուս դեպքերում, երբ վիրահատության համար հակացուցումներ չկան, խորհուրդ չի տրվում այն օգտագործել, քանի որ երկարատև կրելիս նպաստում է ճողվածքի դռների լայնացմանը և ճողվածքապարկի և ներքին օրգանների միջև կպումների առաջացմանը, որոնք հետագայում տեխնիկական դժվարություններ են ստեղծում վիրահատության ժամանակ:

 

Եթե օղակված ճողվածքների դեպքում անհրաժեշտ է շտապ վիրահատական միջամտություն, ապա ներուղղվող, չբարդացած, ինչպես նաև չներուղղվող ճողվածքների դեպքում դրա կարիքը չի լինում: Պլանային կարգով վիրահատության կատարումը սակայն չպետք է շատ ուշացնել, քանի որ ցանկացած պահի, նպաստավոր պայմանների դեպքում, կարող է ճողվածքն օղակվել` դառնալով կյանքի համար վտանգավոր բարդությունների պատճառ: Չբարդացած ճողվածքների վիրահատական բուժման ժամանակ հյուսվածքները հատելուց հետո ճողվածքապարկը հայտնաբերվում է, բացվում, ներսում եղած օրգանները ներուղղվում որովայնի խոռոչ, ապա վզիկի շրջանում կապելուց հետո այն հեռացվում է, որից հետո իրականացվում է վիրահատության վերջին և ամենակարևոր փուլը` որովայնի պատի վերականգնումը` պլաստիկան: Հենց այս փուլով է պայմանավորված թե վիրահատության հաջողությունը, թե հիվանդության կրկնության բացառումը: Հատկանշական է, որ վիրահատության մեկ ընդհանուր եղանակ և տեխնիկական կատարման ձև գոյություն չունեն: Մինչև այժմ ճողվածքների վիրահատական բուժման համար առաջարկված գրեթե 200 եղանակները բաժանվում են 2 մեծ խմբի.

 

  • աուտոպլաստիկ (ավանդական). այս դեպքում որովայնի պատի պլաստիկայի համար օգտագործվում են տեղային հյուսվածքները,
  • ալոպլաստիկ. կիրառվում են կենսաբանական կամ սինթետիկ նյութեր:

 

Վերջին տարիներին որոշ կլինիկաներում սահմանափակ ցուցումերով կիրառվում է ճողվածքների վիրահատական բուժումը ներդիտման եղանակով (լապարոսկոպի օգնությամբ), սակայն դրա հնարավորություններն ու ստացված արդյունքներն առանձնապես զգալի չեն: Առաջին խմբի` ավանդական եղանակներով վիրահատական բուժման հեռավոր արդյունքները բարենպաստ համարել չի կարելի, քանի որ մեծ թիվ են կազմում հիվանդության կրկնությունները (10-45%): Դրանց հաճախականությունը էապես տարբեր է` պայմանավորված ճողվածքի տեսակով, հիվանդի տարիքով և օրգանիզմի ու հյուսվածքների առանձնահատկություններով, վիրահատության եղանակով, վիրաբույժի որակավորումով և մի շարք այլ գործոններով: Կրկնությունների առաջացմանը նպաստում են հիվանդների տարիքը (ծերունական), ճարպակալումը կամ խիստ հյուծվածությունը, ճողվածքի շրջանում հյուսվածքների թերաճը և սկլերոզը, ուղեկցող հիվանդությունների առկայությունը (որոնց պատճառով ներորովայնային ճնշումը մշտապես բարձրանում է), ճողվածքի տեսակին ոչ համապատասխան վիրահատական եղանակի ընտրությունը և տեխնիկական սխալ լուծումները վիրահատության կատարման ընթացքում, հետվիրահատական վերքի թարախակալումը և մի շարք այլ գործոններ: Սույն հիմնախնդրի լուծման ուղիներից մեկը որովայնի պատի պրոթեզավորումն է ընտրանքային այլ նյութերի` բնական, օրգանական (մաշկ, փակեղ, կարծր ուղեղաթաղանթ) և արհեստական (պոլիմերներ) էքսպլանտատների` արտապատվաստների օգտագործմամբ: Որովայնի պատի պլաստիկայի համար առաջարկված և փորձարկված բազմաթիվ նյութերից ամենահուսալին պոլիպրոպիլենն է, որից պատրաստված ցանցերը հնարավորություն են ընձեռում փակելու ճողվածքային մեծ դեֆեկտները առանց որովայնի պատի ձգման, ուստի այն հատկապես ցուցված է հետվիրահատական վենտրալ` որովայնային և տարբեր տեղակայման կրկնված ճողվածքների ժամանակ, նաև այն դեպքերում, երբ տեղային հյուսվածքները կազմափոխված են, քայքայված, սկլերոզի ենթարկված, որովայնի պատը` թուլացած, որոնք պայմանավորված են հիվանդի տարիքով, մարմնակազմական առանձնահատկություններով և ուղեկցող հիվանդություններով: Պոլիպրոպիլենն իր ֆիզիկաքիմիկան և կենսաբանական հատկանիշներով չի խանգարում վերքի լավացման ընթացքին, թունավոր և ալերգիկ ազդեցություն չունի, կենսաբանորեն չեզոք է, չի ներծծվում, ֆերմենտների ազդեցությունից նրա ամրությունը և մյուս հատկանիշները չեն տուժում: Այսօր այն լավագույնն է եղած արհեստական բոլոր նյութերի շարքում և համարվում է «ոսկե ստանդարտ» ճողվածքների վիրաբուժության մեջ: Միաժամանակ պարզվել են այդ նյութի որոշ թերություններ:

 

 Նկ. ՄԻնչև վիրահատությունը   Վիրահատությունից հետո

 

Չնայած կենսաբանական տեսակետից չեզոք լինելուն, պոլիպրոպիլենին բնորոշ է վերքում բորբոքային ռեակցիայի առաջացումը, իսկ վարակի ներթափանցման դեպքում կարող է նաև վերքը թարախակալել: Բացի այդ, բորբոքային ռեակցիայի ժամանակ վերքի շրջանում ձևավորվում է կոպիտ թելավոր, պինդ սպիական հյուսվածք, որից ցանցը ձևափոխվում է` առաջ բերելով որովայնի պատում օտար մարմնի զգացում և շարժումների սահմանափակում: Շատ հեղինակների կարծիքով, հենց ցանցի կծկումն էլ դառնում է ճողվածքի կրկնության պատճառ, որը դիտվում է մինչև 4-7% դեպքում: Բացի այդ, վիրահատությունից հետո կարող են առաջանալ ճնշման, անհարմարավետության` դիսկոմֆորտի զգացում, շարժումների սահմանափակում և նևրալգիկ ցավեր: Ցանցի հետ հպվելիս հնարավոր է սերմնալարի ատրոֆիա: Ըստ գրականության տվյալների, նշված բարդությունները կազմում են 10-15%: Ալոտրանսպլանտատի հեռացման անհրաժեշտություն ծագում է վերքի ամբողջական թարախակալման դեպքում: 

 

Պոլիպրոպիլենային ցանցի օգտագործման շուրջ տասը տարիների մեր փորձը վկայում է, որ թեև եղել է ճողվածքի կրկնության մեկ դեպք, սակայն այլ բարդություններ չեն դիտվել: Դա խոսում է այն մասին, որ պետք է առաջնորդվել առաջին հերթին դրա կիրառման ցուցումներով: Թեև առ այսօր որովայնի պատի պլաստիկայի համար իդեալական որևէ նյութ գոյություն չունի, սակայն մեր ստացած արդյունքները թույլ են տալիս եզրակացնելու, որ ճիշտ ցուցումներով և տեխնիկական ճիշտ լուծումներով առաջնորդվելու դեպքում պոլիպրոպիլենային ցանցերի օգտագործումը էապես նպաստում է վիրահատական բուժման արդյունքների բարելավմանը:

Հեղինակ. Սասուն Գրիգորյան բ.գ.դ., պրոֆեսոր «Սուրբ Ներսես Մեծ» գիտաբժշկական կենտրոնից
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2010 (286)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ